Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի խոսքերը, որով նա փաստացի կասկածի տակ է առնում Ռուսաստանի գործունեության արդյունավետությունը ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբում, ներքին օգտագործման համար հերթական հայտարարությունն է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել փորձագետ, Արտաքին քաղաքականության գերմանական միության Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի հետազոտական ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ռարը:
«Ադրբեջանում պատրաստվում են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցին, ուստի նման հայտարարություններ են անում»,- ասել է նա: Հարցին, թե ի՞նչ հետեւանքներ կունենա դա հայ-ռուսական եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա, Ռարը պատասխանել է, թե ոչ մի: «Ես նման հայտարարություններ լսել եմ այն օրվանից, երբ ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Եւ Նովրուզ Մամեդովի խոսքերում ոչ մի նոր բան չկա»,- ամփոփել է փորձագետը:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե Ադրբեջանը անհանգստացած չէ Հայաստանում ռուսական ռազմակայանի գործողության ժամկետի երկարաձգման փաստով:
Նրա խոսքով, Բաքուն ուշադիր հետեւում է իրադարձություններին, որ ընթանում են տարածաշրջանում եւ միջազգային ասպարեզում: «Կարծում եմ՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ արձանագրությունը անհանգստություն չի պատճառի Ադրբեջանին»,- ասել է Մամեդովը՝ հավելելով, որ «այդ ստատուս-քվոն նախկինում էլ է եղել»: «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ՀԱՊԿ շրջանակներում նման առզմական օգնություն նախատեսված է: Այժմ նրանք լրացրել եւ ընդլայնել են: Այստեղ ուշագրավն այն է, որ ռուսական կողմը բաց խոստացել է աջակցել Հայաստանին եւ փորձել է հիմնավորել դա»,- նշել է Մամեդովը:
Միեւնույն ժամանակ Բաքուն զարմացած է միջազգային հանրության դիրքորոշումից, որ հստակ մոտեցում չցուցաբերեցին: ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը նշել է, թե դա երկու պետությունների գործն է:
Ընդ որում,Մամեդովը հայտարարել էր, թե Ռուսաստանի կողմից Հայաստանին նման օգնություն ցուցաբերելը հակասում է միջազգային օրենքներին, իսկ Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման գործընթացում չի կարող անաչառ միջնորդ լինել:



























