Ոստիկանությունը այսօր` օգոստոսի 27-ին մանրամասներ է հաղորդել օգոստոսի 25-ին Ֆուչիկի փողոցի խաչմերուկում գտնվող «Դիաբլո» գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Այդ օրը, ժամը ժամը 02.40-ին, այս տարածքում կրակոցներ էին հնչել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ակումբի ավտոկայանատեղում անկանոն կրակ էին արձակել, ինչի հետեւանքով վնասվել էր 22-ամյա Աշոտ Չ.-ին պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի վայրի զննությամբ «Կալաշնիկով» ինքնաձիգի 27 եւ «Մակարով» ատրճանակի 3 պարկուճներ էին հայտնաբերվել:

Նույն օրը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողներից մեկին էր զանգահարել 35-ամյա Արայիկ Մ.-ն ու հայտնել, որ իր կողմից պահվող ինքնաձիգը, որից օգոստոսի 25-ին արձակվել էին կրակոցները, գտնվում է Հալաբյան փողոցի թիվ 28 շենքի բակում, երկաթյա չգործող կրպակում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել էր ինքնաձիգ` պահունակով` առանց փամփուշտների:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երեւան քաղաքի վարչությունների եւ Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական հետագա միջոցառումներով պարզվել է, որ օգոստոսի 25-ին, ժամը 02.30-ին, դեռեւս չպարզված ատրճանակից եւ նշված ինքնաձիգից կրակոցներն արձակել է Արայիկ Մ.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ նրան, Աշոտ Չ.-ին եւ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: