Հայաստանում ռուսական ռազմակայանի գլխավոր նպատակն է ապահովել Ռուսաստանի Դաշության շահերի պաշտպանությունը: Այդ շահերի շրջանակում, անխոս, մտնում է Հարավային Կովկասում, Կասպիական տարածաշրջանում կայունության պահպանումը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Երեւանում օգոստոսի 20-ին ստորագրված պայմանագիրը: Նրա խոսքով, այդ սկզբնական նպատակը դրվել է ռուսական ռազմակայանի առջեւ, երբ ստորագրվել է համապատասխան պայմանագիրը Երեւանում եւ այդ նպատակը որեւէ կերպ չի փոխվել պայմանագիրը հերթական 49 տարով երկարաձգելով:
«Արձանագրությունը ռուսական ռազմակայանի գործողության ժամկետը երկարաձգում է 49 տարով: Ոչ ավելին: Այն չի փոխում ո'չ ռազմակայանի գործառույթները, որ Ռուսաստանն ունի Հայաստանում, ո'չ ռազամաբազայի անձնակազմի քանակը, ո'չ սպառազինությունների քանակը: Ուստի խոսել ինչ-ինչ փոփոխությունների մասին, որ այդ արձանագրությունը կարող է կատարել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության մեջ, չկա»,- Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքերն է մեջբերել Trend-ը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 20-ին ստորագրվել է հայ-ռուսական համաձայնագիր, որով առնվազն 49 տարով երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Ըստ արձանագրության (25-րդ հոդված), ռուսական ռազմաբազան Հայաստանում կմնա առնվազն 49 տարի, նախկին 25 տարվա փոխարեն: Բացի այդ, նշվում է, որ ռուսական ռազմաբազան Ռուսաստանի շահերը պաշտպանելուց բացի, պետք է ապահովի նաեւ Հայաստանի անվտանգությունը: Այդ նպատակների համար Հայաստան պետք է առաքվեն «ժամանակակից եւ համատեղելի զինատեսակներ, ռազմական (հատուկ) տեխնիկա»:



























