Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Մանասարյանին Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:

Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Սերգեյ Մանասարյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Ստորեւ ներկայացնում ենք Սերգեյ Մանասարյանի կենսագրությունը.

 Սերգեյ Մանասարյանը ծնվել է 1959թ. Երեւանում: 1981թ. ավարտել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը:

 1981-1988թթ. աշխատել է գյուղատնտեսության մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտում: 1988թ. տեղափոխվել է Պետպլան, այնուհետեւ` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` որպես փոխվարչապետի օգնական: Այնուհետեւ Ս. Մանասարյանը եղել է ՀՀ վարչապետի օգնական, վարչապետի աշխատակազմի ղեկավար, կառավարության քարտուղար-նախարար:

1996թ. տեղափոխվել է ՀՀ ԱԳՆ, նշանակվել` փոխարտգործնախարար:

1999-2005 թթ.  աշխատել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան: Ս. Մանասարյանը, համատեղության կարգով, Հայաստանը ներկայացնում էր նաեւ Մարոկկոյում, Լիբիայում, Եթովպիայում, Սուդանում եւ Օմանում:

2005-2010թթ. - աշխատել է Բուլղարիայում ՀՀ դեսպան:

Ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Տեխնիկական գիտությունների թեկնածու է:

 Պարգեւատրվել է Բուլղարիայի բարձրագույն "Ստարա Պլանինա” շքանշանով:

 Ամուսնացած է, ունի երկու դուստր: