Հայաստանի արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության եւ ԱԳՆ-ի հյուպատոսական վարչության նախաձեռնությամբ այսօր` օգոստոսի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է աշխատանքային քննարկում` նվիրված օտարերկրացիների կողմից Հայաստանից երեխաներ որդեգրելու հարցերին:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, NEWS.am-ին հայտնում են, որ հանգամանալից քննարկման արդյունքում մասնակիցները համաձայնել են սերտ համագործակցություն հաստատել որդեգրման գործընթացը կանոնակարգելու նպատակով եւ, ելնելով երեխաների շահերից, հետամուտ լինել նրանց հետորդեգրումային ճակատագրին:
Հիշեցնենք, որ Հայաստանը 2007թ. միացել է 1993թ. Հաագայի «Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային, որի դրույթների համապատասխան ՀՀ կառավարությունը 18.03.2010թ. թիվ 269-Ն որոշմամբ, հաստատել է որդեգրման եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց եւ ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրված` ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների հաշվառման կարգը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի տեղակալ Արգամ Ստեփանյանը, ԱԳՆ հյուպատոսական վարչության եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների ներկայացուցիչներ:



























