Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, փաստացի կասկածի տակ առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի գործունեության արդյունավետությունը, դրանով արձագանքել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը 49 տարով երկարաձգելու մասին հայ-ռուսական պայմանագրին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Քաղաքական եւ ռազմական վերլուծության ռուսական ինստիտուտի վերլուծական բաժնի ղեկավար Ալեքսանդր Խրամչիխինը:
«Դա ընդամենը ծայրահեղ դժգոհության ցուցադրություն էր, ոչ ավելին»,- ասել է փորձագետը, հավելելով, որ այլ կերպ դա մեկնաբանել հնարավոր չէ: Նրա կարծիքով, այդ հայտարարությունը որեւէ հետեւանք չի ունենա եւ չի էլ կարող ունենալ: «Ի վերջո, Ադրբեջանը չպետք է որոշի, թե ով լինի ԵԱՀԿ Մինսկի խմբում»,-ասել է նա:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե Ադրբեջանը անհանգստացած չէ Հայաստանում ռուսական ռազմակայանի գործողության ժամկետի երկարաձգման փաստով:
Նրա խոսքով, Բաքուն ուշադիր հետեւում է իրադարձություններին, որ ընթանում են տարածաշրջանում եւ միջազգային ասպարեզում: «Կարծում եմ՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ արձանագրությունը անհանգստություն չի պատճառի Ադրբեջանին»,- ասել է Մամեդովը՝ հավելելով, որ «այդ ստատուս-քվոն նախկինում էլ է եղել»: «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ՀԱՊԿ շրջանակներում նման առզմական օգնություն նախատեսված է: Այժմ նրանք լրացրել եւ ընդլայնել են: Այստեղ ուշագրավն այն է, որ ռուսական կողմը բաց խոստացել է աջակցել Հայաստանին եւ փորձել է հիմնավորել դա»,- նշել է Մամեդովը:
Միեւնույն ժամանակ Բաքուն զարմացած է միջազգային հանրության դիրքորոշումից, որ հստակ մոտեցում չցուցաբերեցին: ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը նշել է, թե դա երկու պետությունների գործն է:
Ընդ որում,Մամեդովը հայտարարել էր, թե Ռուսաստանի կողմից Հայաստանին նման օգնություն ցուցաբերելը հակասում է միջազգային օրենքներին, իսկ Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման գործընթացում չի կարող անաչառ միջնորդ լինել:



























