Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` օգոստոսի 27-ին Ծաղկաձորում ներկա է գտնվել օգոստոսի 23-ին մեկնարկած «Բազե-2010» համահայկական երիտասարդական հավաքի եզրափակիչ միջոցառումներին եւ փակման արարողությանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը զրուցել է հավաքի մասնակից երիտասարդների հետ, ովքեր Հանրապետության ղեկավարին ներկայացրել են «Բազե-2010»-ից ստացած իրենց տպավորությունները, պատմել` հասարակական, քաղաքական, հոգեւոր, մշակութային եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ ավանդական դարձած հանդիպումների ու ծաղկաձորյան հագեցած առօրյայի մասին: Նրանք նշել են, որ հավաքի օրերին հնարավորություն են ունեցել դրսեւորել իրենց ունակություններն ու գիտելիքները, շփվել միմյանց հետ եւ բազում ընկերներ ու նոր գիտելիքներ ձեռք բերել:
Նշենք, որ «Համախմբված երիտասարդություն` կայուն զարգացող ապագա» կարգախոսի ներքո Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից անցկացվող «Բազե-2010»-ին մասնակցել է Հայաստանից, Արցախից եւ Ջավախքից 18-ից 30 տարեկան շուրջ 300 երիտասարդ:
2002 թվականից անցկացվող «Բազե» հավաքներին մինչ օրս մասնակցել է ավելի քան 6000 երիտասարդ:



























