Հայաստանում վերջին տարիներին ՏՏ ոլորտի զարգացման դինամիկան տպավորիչ է։ Այդ մասին ասել է Microsoft ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը։

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, թե զրուցակիցները քննարկել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացման ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր՝ այդ գործընթացում մեծապես կարեւորելով Microsoft-ի գործունեությունը մեր երկրում, 2006 թվականից ի վեր ընկերության կողմից իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունները: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Microsoft-ին եւ անձամբ ընկերության փոխնախագահ, մեր հայրենակից Վահե Թորոսյանին՝ Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման գործընթացում նրա անձնական ներդրման, Երեւանում ընկերության գրասենյակի, ինչպես նաեւ Հայաստանի Microsoft ինովացիոն կենտրոնի բացմանն իր գործուն եւ շահագրգիռ մասնակցության համար:

Microsoft-ի փոխնախագահը գոհունակությամբ է խոսել Հայաստանում վերջին տարիներին ՏՏ ոլորտի զարգացման դինամիկայի մասին՝ տպավորիչ համարելով առաջընթացը, որը, նրա համոզմամբ, նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորություններ է բացում:

ՀՀ Նախագահը եւ Microsoft ընկերության փոխնախագահը երկուստեք կարեւորել են հատկապես երիտասարդության շրջանում բարձրորակ կրթության միջոցով ՏՏ ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստումը, նրանց աշխատանքային հմտությունների զարգացումը: