Ուկրաինական «Նավթոգազի» եւ ռուսական «Գազպրոմի» միավորումը թույլ կտա Ռուսաստանի Դաշնությունից Ուկրաինայի բնակչությանը գազ մատակարարել Ռուսաստանի սպառման համար նախատեսված ներքին գներով։ Այսօր` օգոստոսի 27-ին այդ մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ Ուկրաինայի վառելիքի եւ էներգետիկայի նախարար Յուրի Բոյկոյի հետ հանդիպման ավարտից հետո։
«Հեռանկարի համար մեր, «Գազպրոմի» դիրքորոշումը հանգում է նրան, որ մենք կարող էինք միավորել «Գազպրոմն» եւ «Ուկրաինայի Նավթոգազը», ինչը, մեր կարծիքով, կարող էր նաեւ սոցիալական կարեւոր խնդիր լուծել, որովհետեւ ուկրաինացիների համար գազի մատակարարումը այդ դեպքում կարող է իրականացվել Ռուսաստանի բնակչության համար նախատեսված գներով։ Մեզ մոտ, Ռուսաստանի բնակչության սպառման համար նախատեսված գազի գինը հաստատում է պետությունը, այն շուկայական չէ, եւ այսօրվա դրությամբ 1000 խմ.գազի դիմաց կազմում է 1880 ռուբլի, ինչը 60 դոլարից մի քիչ ավելին է»,- հայտարարել է Միլլերը «Վեստի» հեռուսաընկերության եթերում։


























