Նյու Յորքում մահացել է Թաիլանդում ԱՄՆ դեսպան Էրիկ Ջոնի 17-ամյա դուստրը։ Նա ընկել է Մանհեթենի Herald Towers բնակելի համալիրի 25-րդ հարկից։ Նախնական տվյալներով, աղջիկը ողբերգության պահին գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, հայտնում է AP-ն։
Չի բացառվում, որ դեսպանի դուստրը խմել է գիշերային ակումբում. Նիկոլ Ջոնի մոտ անձը հաստատող կեղծ փաստաթուղթ է հայտնաբերվել, որի համաձայն լրացած է եղել նրա 23 տարեկանը։
Աղջիկն առանց կոշիկների է եղել, ոչ հեռու ընկած է եղել նրա ֆոտոխցիկը։ Ոստիկանությունը պարզել է, որ կյանքի վերջին ժամերն աղջիկն անցկացրել է բնակելի համալիրի 25-րդ հարկում, ուր գիշերային ակումբից եկել է մի խումբ երիտասարդների հետ։
Աղջկա հայրը, ով Թաիլանդում ԱՄՆ դեսպան է 2007 թվականից, հրաժարվել է որեւէ կերպ մեկնաբանել կատարվածը։




























