Ֆրանսիան շարունակում է արտաքսել երկրի տարածքում անօրինակորեն գտնվող գնչուներին։ Expatica.com-ի հաղորդմամբ, չորեքշաբթի օրը` օգոստոսի 25-ին արտաքսվել է 283 մարդ։ Այսպիսով, Ֆրանսիայում 2010 թվականի ընթացքում արտաքսված գնչուների թիվը հասել է 8313-ի։
BBC-ի հաղորդմամբ, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին պատասխանելով իրավապաշտպանների քննադատությանը, հայտարարել է, որ գնչուների արտաքսումը չի հակասում եվրոպական իրավունքի նորմերին, քանի որ նրանք գտնվել են այդ տարածքում ավելի քան 3 ամիս եւ չեն աշխատել։
Արտաքսումը ուղեկցվում է նաեւ գնչուների բնակավայրերի ոչնչացմամբ։ Ներկա պահին քանդվել է ավելի քան 50 ճամբար, եկող ամսիներին ծրագրվում է ոչնչացնել եւս 250-ը։
Եվրոպացի իրավապաշտպանները Սարկոզիի՝ գնչուներին արտաքսելու մեթոդը համարում են ֆաշիստական։ Նրանց կարծիքով, Ֆրանսիայի նախագահն այս քայլով փորձում է ստանալ ծայրահեղ աջ ընտրողների աջակցությունը։




























