Դաղստանում ոստիկանության հատուկջոկատայինների եւ գրոհայինների բախումների արդյունքում երեք գրոհային է ոչնչացվել, հաղորդում է «Ռիա նովոստին»` հղում անելով հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությանը:

Ոստիկաններն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել Քարաբուդաղքենդի շրջանում, Գուբդեն գյուղի մոտ, որի արդյունքում հայտնաբերել են գրոհայիններին: Վերջիններս փորձել են դիմադրել, բայց ոչնչացվել են: Նրանց ինքնությունը պարզվում է: Իրավապահների շրջանում տուժածներ չկան: Դեպքի վայրում հատուկ գործողությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին իրավապահ մարմինների ներկայացուցիչները գնդակահարել են  5 մարդու, որոնք մեքենայի ստուգման ժամանակ դիմադրություն են ցույց տվել: Դեպքը տեղի է ունեցել Չեչնիայի սահմանին գտնվող Խասավյուրտ ավանում: Սպանվածների շարքում են եղել Հասան Դանիյալովը` Խասավյուրտի «էմիրը» եւ Յուսուլ Սուլեյմանովը` Կազբեկի ջամաաթի «էմիրը» (մականունը «Շոիպ»): Բացի այդ, մեքենայում հայտնաբերվել է երեք ինքնաձիգ: