Օգոստոսի 28-ին Հայաստանում պաշտոնապես բացվում է սիրողական որսի սեզոնը։ Արդեն հրապարակված է բնապահպանության նախարարի հրամանը, ըստ որի օգոստոսի 28-ից կարելի է որսալ լոր, ոսկեգույն մեղվակեր, աղավնիների, կտցարների, արտույտների, սարյակների, կեռնեխների որոշ տեսակներ։ Սեպտեմբերի 15-ից սկսվում է ջրլող թռչունների որսաշրջանը, նոյեմբերի 1-ից՝ վայրի խոզինը, նապաստակինը, քարակաքավինը, նոյեմբերի 15-ից՝ աղվեսինը, կզաքիսինը, գայլինը, շնագայլինը։

Սովորաբար սիրողական որսի սեզոնի սկիզբը օգոստոսի նախավերջին շաբաթ օրն է։ Այդ կանոնը գործում է դեռ խորհրդային տարիներից։ Սակայն այս տարի բնապահպանության նախարարությունը 1 շաբաթով հետաձգեց որսաշրջանի սկիզբը, ինչը շատ հազվադեպ է պատահում։ Ինչպես NEWS.am-ին ասացին նախարարությունից՝ դա կատարվել է կենդանաբանության ինստիտուտի եզրակացությունը հաշվի առնելով։ Իսկ ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ իրենց եզրակացության հիմքում այս տարվա գարնան եւ ամռան սկզբի առատ անձեւներն էին, որը համընկավ լորի ձվադրման ժամանակաշրջանի հետ։ Անձրեւների հետեւանքով լորի ձուն փչացել է, սակայն այդ թռչուններն ունեն երկրորդ անգամ ձվադրելու ֆիզիոլոգիական հատկություն։ «Եթե որսի սեզոնը բացվեր 1 շաբաթ առաջ, ապա մեծ կորուստ կունենայինք։ Որորդները կխփեին ծնողներին, իսկ ձագերը, որ դեռ փոքր են, կսատկեին»,- բացատրեց Մ. Ղասաբյանը։ Նրա տեղեկացմամբ, երբ մի քանի տարի առաջ որսաշրջանը 1 շաբաթով շուտ սկսելու թույլտվություն տրվեց (այսինքն՝ օգոստոսի առաջին կեսում), մեր կենդանական աշխարհը դրանից լրջորեն տուժեց։ Բացի այդ՝ Մ. Ղասաբյանը կարծում է, որ փետրվարի վերջից որսաշրջանը պետք է փակվի, որպեսզի կենդանական աշխարհը նորմալ վերարտադրման հնարավորություն ունենա։

Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորման գործադիր տնօրեն Վարդգես Խաչատրյանի տեղեկացմամբ՝ որսորդների միությունը որսաշրջանում որսի ընդհանուր արտոնագիր ստանալու համար բնապահպանության նախարարությանը վճարում է 5000 դրամ (12-13 դոլար): Ընդ որում` նախորդ տարի այն արժեր 4000 դրամ (մոտ 10 դոլար): Այդ թույլտվությունը չի ներառում միայն նապաստակներին ու քարակաքավներին, քանի որ դրանց որսի թույլտվությունը ամեն տարի չէ, որ տրվում է: 1 հատ նապաստակի որս անելու թույլտվությունն արժե 800 դրամ ( մոտ 2 դոլար), բայց առավելագույնը կարելի է որսալ 2 նապաստակ: Քարակաքավինը` 500 դրամ է (մոտ 12.5 դոլար), առավելագույնը կարելի է որսալ 3 քարակաքավ:

Սամվել Ավագյան