Հայտնի է դարձել օգոստոսի 27-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած ավտովթարի կողմերից մեկի ինքնությունը: Վթարի ենթարկված Jaguar մեքենայի վարորդը եղել է դատական դեպարտամենտի առաջին բաժնի մասնագետ Արթուր Զուլումյանը։ Ոստիկանները կասկածելով, որ Զուլումյանը ղեկին եղել է ոչ սթափ վիճակում, նրան իրենց ծառայողական մեքենայով տարել են Ավանի նարկոլոգիական դիսպանսեր՝ ստուգելու նրա օրգանիզմում ալկոհոլի առկայությունը: Ստուգման արդյունքում պարզվել է, որ նա եղել է ոգելից խմիչք օգտագործած վիճակում (0,8 տոկոս):
Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 27-ին ժամը 19։30-ի սահմաններում, Ֆրանսիայի հրապարակում միմյանց էին բախվել Jaguar մակնիշի 40 UP 001 համարանիշի եւ 2107 մակնիշի L 0114 համարանիշի տաքսի ավտոմեքենաները (ֆոտոռեպորտաժ)։
Տեղի ունեցած վթարից հետո Jaguar-ի վարորդը մեքենան թողնելով դեպքի վայրում դիմել էր փախուստի, սակայն ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին հաջողվել էր նրան բռնել Մոսկովյան փողոցում։ 2107-ի վարորդն ու ուղեւորը տեղափոխվել էին հիվանդանոց:
Լուսանկարը ` Գագիկ Շամշյանի



























