Գիտնականները պարզել են, որ մարդկային թերությունները կարող են ռոբոտներին ավելի «մարդկային» եւ շփման համար ավելի հաճելի դարձնել, տեղեկացնում է Gazeta-ն՝ վկայակոչելով  CNET-ին։

Լինքոլնի համալսարանի բրիտանացի հետազոտողները պատմել են, որ  ռոբոտների պահվածքը, երբ վերջիններս սխալ ենթադրություններ, անճիշտ դատողություններ են անում կամ հոգնածության ու ձանձրույթի նշաններ ցույց տալիս, ավելի գրավիչ է մարդու համար։ Փորձարկման ընթացքում մասնակիցները շփվել են երկու ռոբոտի հետ՝ հուզական  ERWIN ռոբոտի եւ Keepon ռոբոտի, որը երեխային սոցիալական հմտություններ է սովորեցնում։ Պարզվել է, որ մասնակիցները նախընտրել են զրուցել այն ռոբոտի հետ, որը սխալվել է կամ մոռացել որոշ փաստեր, այսինքն իրեն ավելի  «մարդավարի» է պահել։

Իբրեւ եզրահանգում հետազոտողներն ընդգծել են, որ «անկատար» ռոբոտների ստեղծումը թույլ կտա ավելի սերտ շփումներ հաստատել մարդու եւ մեքենայի միջեւ։