Օգոստոսի 27-ին Վրաստանում Տկիբուլիի հանքավայրում (Արեւմտյան Վրաստան, Իմերեթիի շրջան) տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել են երեք հանքափորներ: Պայթյունը տեղի է ունեցել ժամը 22:00-23:00-ի սահմաններում: Պայթյունի պահին հանքահորում  եղել է 11 մարդ, որոնցից մեկն անվնաս է մնացել: Երեքը զոհվել են, 7-ն ստացել են ծանր մարմնական վնասվածքներ` կոտրվածքներով ու այրվածքներով: Նրանց տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է «Նովոստի-Գռուզիան»:

Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ` պայթյունի վայր են ժամանել երկրի ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին եւ Իմերեթիի նահանգապետ Լաշա Մակացարիան: Մերաբիշվիլին հայտարարել է, որ պայթյունի մանրամասները մանրամասնորեն կհետաքննվեն, իսկ զոհերի ու վիրավորների ընտանիքներին պետությունն օգնություն կհատկացնի:

Տեղի ունեցածի պատճառները պարզվում են: Նախնական վարկածով, մեթանի այրում է տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ սա 2010-ին նույն հանքահորում երկրորդ պայթյունն է: Մարտի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել էր 4 մարդ: