Google ընկերությունը Դաշնային ավիացիոն գործակալությունում անօդաչու թռչող սարքի երկու նոր մոդել է գրանցել, տեղեկացնում է Engadget-ը։
Հեռանկարային նախագծերի Google X կենտրոնում երկու նոր դրոն է փորձարկվում, որոնք M2 եւ B3 անունն են կրում։ Ավելի վաղ Google X-ում աշխատում էին Project Wing նախագծի վրա, որին էլ ամենայն հավանականությամբ կփոխարինեն երկու նոր թռչող սարքերը։ Որոշ տվյալների համաձայն, նրանք կկարողանան մինչեւ 160 կմ/ժ արագություն զարգացնել եւ կկշռեն մոտ 25 կիլոգրամ։ Երկու թռչող սարքն էլ գրանցվել են որպես «անշարժ թեւով եւ մի քանի շարժիչով թռչող սարք»։
Project Wing-ը անօդաչու թռչող սարք էր, որը նախատեսված էր տարերային աղետների պայմաններում օգտագործվելու համար եւ կարող էր ուղղահայաց թռիչք եւ վայրէջք իրականացնել։ Նրա թեւերի բացվածքը 1,5 մետր էր եւ կշռում էր 10 կգ-ից էլ պակաս, գրում է «Գազետան»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Google ընկերությունը Accelerated Mobile Pages անունով նոր ծառայություն է փորձարկում, որը օգտատերերին հնարավորություն կտա անմիջապես հրատարակիչներից ստանալ նորությունները։ Ի տարբերություն Apple-ի եւ Facebook-ի նմանատիպ ծառայությունների, Google-ը մտադիր չէ հրատարակիչներից գումար վերցնել։




























