Այսօր` օգոստոսի 28-ին ոստիկանության շենքի նիստերի դահլիժում տեղի է ունեցել միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների 20-ամյակին նվիրված միջացառումը (ֆոտոռեպորտաժ):
Նախքան այս միջոցառումն սկսելը, ոստիկանության աշխատակիցներն այցելել են Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատամարտում զոհվածներին, «Հաղթանակի» զբոսայգի` հարգանքի տուրքի մատուցում ՄՀՆՋ-ի զոհված մարտիկների հիշատակին, ինչպես նաեւ ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել Արամ Մանուկյանի եւ Իրավակարգի զինվորի հուշաքարերին:
Նիստերի դահլիճում մի խումբ ոստիկանության սպաներ, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով պարգեւատրվել են մեդալներով, շնորհակալագրերով եւ անվանական զենքերով:
Հանդիսավոր նիստից հետո տեղի է ունեցել քայլերթ` Նալբանդյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ: Այդ ողջ ընթացքում հնչում էին ոստիկանության նվագախմբի կատարումները: Հարցին, թե երթն արտոնվա՞ծ է, ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Ալեքսանդր Աֆյանը պատասխանել է. «Բեգլարյանն արտոնել է. որոշումը մոտս է: Եթե պետք է, եկեք կտամ»:
Երեկոյան, տոնի առթիվ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա տոնական համերգ:
Ի դեպ, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը դահլիճում ներկաներին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը եւ հայտնել, որ Սերժ Սարգսյանը չի կարող մասնակցել երեկոյան տոնական համերգին, «շատ կարեւոր գործերով զբաղված լինելու» պատճառաբանությամբ:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի



























