Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է միայնակ՝ առանց որեւէ մեկի հետ դաշիք կազմելու։ Այս մասին նա հայտարարեց օգոստոսի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա համոզմամբ, ինքը թեեւ քաղաքական որեւէ ուժի հետ դաշինքի չի գնա, սակայն, այդպիսիք, այնուամենայնիվ, կլինեն։ «Օրինակ, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը խորհրդարան կանցնի ՀՅԴ ցուցակով։ Դա երեւում է նրա՝ դաշնակցականների հետ ունեցած ջերմ հարաբերություններից»,- ասաց Կարապետյանը՝ կարծիք հայտնելով, որ ընտրությունների արդյունքում խորհրդարան մուտք կգործեն առավելագույնը 7 խմբակցություններ։ «Դրանից ավել, կարծում եմ, հնարավոր չէ, որովհետեւ այդ դեպքում խորհրդարանի աշխատանքները դժվար կլինի կանոնակարգել»,- նկատեց Ժողովրդական կուսակցության նախագահը՝ համոզմունք հայտնելով, որ ԱԺ կանցնի նաեւ Հայ ազգային կոնգրեսը։

Ամփոփելով՝ Տիգրան Կարապետյանը հայտարարեց, որ եթե ինքը խորհրդարան չանցնի, կնշանակի, որ ընտրությունները կեղծվել են։ «Ես ճշմարտությունն ասող միակ մարդու դիրքորոշում եմ ընտրել։ Ժողովուրդը սիրում եւ հարգում է ինձ։ Ես կգնամ ընտրությունների՝ որպես ժողովրդի համար գոյություն ունեցող այլընտրանք։ Ես հասկանում եմ, որ ի հակակշիռ ինձ՝ կօգտագործվեն «Օրինաց երկրին» եւ «Բարգավաճ Հայաստանին»։  Հոգ չէ, որ իմ ստացած ձայները իշխանությունները կգողանան։ Դրանով նրանք միայն կվարկաբեկվեն»,- ավարտեց Կարապետյանը։  

Նշենք, որ Հայաստանում հաջորդ խորհրդարանական ընտրությունները նախանշված են 2012 թվականին։