Իրանը Հայաստանը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միության միակ երկիր, որը կարող է իրանական ապրանքների՝ ԵՏՄ արտահանման լավ հարթակ դառնալ։ Այդ մասին հոկտեմբերի 15-ին հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Էսհագ Ջահանգիրին՝ հավելելով, որ դա իրանցի գործարարների համար հնարավորություն կստեղծի ԵՏՄ արտահանվելիք ապրանքների մի մասն արտադրել Իրանում, իսկ մյուսը՝ Հայաստանում:
Հայաստանը եւ Իրանը, նրա խոսքով, պատմական անցյալ ունեն եւ քաղաքական հարաբերությունների լայն շրջանակ։ «Իրանի հայերը իրանցի ժողովրդի հետ միասին ձգտում են Իրանի առաջընթացին։ Միաժամանակ նրանք երկու ժողովրդի միջեւ կապող օղակ են։ Հարաբերությունները զարգանում են։ Այժմ քաղաքական համագործակցությունը բարձրագույն մակարդակում է, դրա զարգացման ոչ մի խոչընդոտ չկա։ Սակայն չեմ կարող գոհունակություն հայտնել առեւտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ։ Մենք պիտի լուծենք այդ խնդիրը», - ընդգծել է Էսհագ Ջահանգիրին։ Հիշատակելով «Հյուսիս-Հարավ» միջանցքի եւ Իրան-Հայաստան երկաթուղու մասին, Իրանի փոխնախագահն ընդգծել է, որ այդ նախագծերը կարող են շրջանային նշանակություն ունենալ եւ Իրանը պատրաստ է իրականացնել դրանք։
Անդրադառնալով Հայաստանի եւ Իրանի առեւտրատնտեսական հարաբերություններին, Ջահանգիրին նշել է, որ այդ ուղղությամբ կարեւոր է համագործակցության հուշագրերի ստորագրումը, որոնց թվում է նաեւ արտոնյալ գների մասին պայմանագիրը։ Նա նաեւ հավելել է, որ անհրաժեշտ է այդ հարցի լուծման հանձնաժողով ստեղծել։





























