Նախօրեին Երեւանի Ազատության պողոտայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում կրծքավանդակի աջ մասում վնասվածքներ ստացած եւ հիվանդանոց տեղափոխված ՀՀ ՊՆ աշխատակից, գնդապետ Սուրեն Սարգսյանի որդու` Նարեկ Սարգսյանի վիճակը գնահատվում է «միջին ծանրության, կայուն»։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հերթապահ-բժիշկ Արտակ Մանուկյանը։
Նշենք, որ Հայաստանի ոստիկանությունն ավելի վաղ հաստատել էր նախօրեին Երեւանում տեղի ունեցած «ռազբորկայի» փաստը։ Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ միջադեպը Երեւանի Ազատության պողոտայի 2-րդ շենքի բակում տեղի էր ունեցել օգոստոսի 25-ին`ժամը 22։15-ի սահմաններում։ Անհայտ անձիք կրակել էին Նարեկ Սարգսյանի վրա։
Տուժածը սկզբում տեղափոխվել էր «Քանաքեռ-Զեյթուն» հիվանդանոց, այնուհետեւ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել էին «Մակարով» տեսակի ատրճանակի 10 պարկուճ: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։



























