Ադրբեջանում ստեղծվել է եւս մեկ նախընտրական բլոկ։ «Միասնական Ադրբեջանի ազգային ճակատ», «Մեծ արարման» եւ «Ադալյաթ» կուսակցությունները որոշել են ստեղծել նոր ընտրական բլոկ «Վերափոխում» անվամբ։
Trend գործակալության հաղորդմամբ, բլոկի ստեղծման մասին համաձայնագիրը կստորագրվի օգոստոսի 30-ին։
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ օգոստոսի 25-ին, Ադրբեջանում «Զարգացում եւ քաղաքացիներ» կուսակցության նախագահ Ալի Ալիեւը հայտարարել էր, որ «Ադրբեջանի լիբերալ» եւ «Զարգացում ու քաղաքացիներ» կուսակցությունները որոշում են ընդունել հանդես գալ միասնական ընտրական բլոկով:
Նրա խոսքով, այդ մասին վերջնական որոշումն ընդունվել է կուսակցությունների գործադիր մարմիներում կայացած նիստի ընթացքում։ Որոշում է ընդունվել ընտրական բլոկ ստեղծել եւ պաշտպանել 72 թեկնածուների։ Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ, արդեն երկար ժամանակ է երկու կուսակցությունները աշխատանքներ են իրականացնում համատեղ ընտրական բլոկ ստեղծելու ուղղությամբ։ Մի քանի կուսակցություններ արդեն պատրաստակամություն են հայտնել միանալու նրանց:
Նշենք, որ 2010 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։




























