Անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները հայ-իրանական տնտեսական եւ առեւտրական հարաբերությունների զարգացման համար՝ երկկողմ ապրանքափոխանակության ավելացման նպատակով։  Այդ մասին հոկտեմբերի 15-ին հայ-իրանական գործարար համաժողովի ընթացքում հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Հոմիդ Չիթչիենը։  

Նա համոզվածություն է հայտնել, որ միջոցառումը դրական նշանակություն կունենա առեւտրական հնարավորությունների ի հայտ բերման տեսանկյունից։  Նախարարի խոսքով, տարածաշրջանում եւ աշխարհում Իրանի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բոլոր երկրների հետ հարաբերությունների զարգացման վրա։ «Վստահաբար կարելի է ասել, որ բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները նպաստում են երկրների միջեւ ավելի մեծ ինտեգրացիային։ 

Որպես հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, կարծում եմ, որ անհրաժեշտ է բոլոր հնարավորություններն օգտագործել տնտեսական եւ առեւտրական հարաբերությունների զարգացման համար՝ երկկողմ առեւտրաշրջանառության ավելացման նպատակով։  Խնդրին հետեւում են համապատասխան ատյանները», - նշել է Հոմիդ Չիթչիենը։ Նա հավելել է, որ նոյեմբերին Թեհրանում գործարար համաժողով կանցկացվի, որի ընթացքում կօգտագործվեն հայ-իրանական տնտեսական համագործակցության հետագա զարգացման բոլոր հնարավորությունները։ 

Նրա խոսքով, ներկայումս ներդրումների համար բարենպաստ պայմաններ են ստեղծված ինչպես առեւտրի ոլորտում, այնպես էլ զբոսաշրջության, մաքսատների, հիդրոէներգետիկայի, նավթի եւ իրանական գազի։ «Այդ ոլորտները գրավիչ են մասնավոր սեկտորի համար։ Բազմաթիվ փաստաթղթերի ստորագրմամբ բարենպաստ դաշտ է ստեղծվում երկու երկրների մասնավոր սեկտորների համագործակցության համար», - ամփոփել է Իրանի էներգետիկայի նախարարը։