Ստամբուլի Սինան Էրդեմ Արենայում, Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Բոբ Էլֆինսթոնի մասնակցությամբ, տեղի է ունեցել բասկետբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: 110 երկրների 300 երեխաներ են երգել աշխարհի առաջնության հիմնը: Միջոցառման հեռարձակմանը հետեւել են 172 երկրներում:
Այսօր Թուրքիայի չորս քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում եւ Կայսերիում տեղի կունենան մեկնարկային 12 հանդիպումները:
Առավել հետաքրքրություն են ներկայացնում գլխավոր ֆավորիտ ԱՄՆ-ի եւ Խորվաթիայի, նաեւ Գերմանիա-Արգենտինա եւ Ֆրանսիա – Իսպանիա հանդիպումները: Այս թիմերն են մեդալի գլխավոր հավակնորդները:
Բասկետբոլի աշխարհի առաջնությունը թուրքական տնտեսությանը 160 միլիոն եվրոյի եկամուտ է խոստանում, հաղորդում է EFE գործակալությունը:
Առաջնության համար Թուրքիա կժամանի մոտ հարյուր հազար մարդ: Հյուրանոցների եկամուտը կկազմի 44 միլիոն եվրո: Միայն ԱՄՆ հավաքականի հյուրանոցային ծախսերը կկազմեն 1 միլիոն եվրո: Turkcell ընկերության հաշվարկով` բասկետբոլի երկրպագուն աշխարհի առաջնության ժամանակ ծախսում է միջինը 400 եվրո` երկու անգամ շատ, քան ֆուտբոլային ֆանատը: Այսօրվա դրությամբ, արդեն վաճառվել է տոմսերի 80 տոկոսը:
Թուրքիան առաջնության կազմակերպման եւ մարզապալատների նորոգման վրա ծախսել է 95 միլիոն եվրո: Աշխարհի չեմպիոնը հայտնի կդառնա սեպտեմբերի 12-ին:



























