Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար  Նովրուզ Մամեդովի հայտարարությունը, ըստ որի Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումը կասկածի տակ է դնում Ռուսատանի օբյեկտիվությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ընդամենը ադրբեջանական կողմի հերթական ավանտյուրան է եւ չի բերի որեւէ հետեւանքի: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, այս հայտարարությունը նպատակ ունի դուրս բերել ԼՂ խնդրի լուծմանն ուղղված բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից: «Ուղղակի Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման պայմանագիրը լավ առիթ էր Ադրբեջանի համար, որպեսզի կրկին բարձրացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ անվստահության հարցը»,- ասել է Զոհրաբյանն ու հավելել, որ Ադրբեջանը հույս ունի, թե հնարավոր կլինի ԵԱՀԿ Մինսկի խումբը փոխարինել միջազգային այլ կառույցով:

«Հարց է առաջանում. եթե Ռուսաստանն  օբյեկտիվ չէ ԼՂ խնդրի կարգավորման հարցում, ապա ո՞վ է օբյեկտիվ. Թուրքիա՞ն, որին Բաքուն փորձում է ամեն կերպ խցկել Մինսկի խումբ: Ուղղակի ծիծաղելի է»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը, խորհուրդ տալով լուրջ չվերաբերել Մամեդովի հայտարարությանը:

«Ինչ վերաբերում է ռուսական ռազմակայաններին, ապա նման անհանգիստ տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է, Հայաստանը կարիք ունի անվտանգության լրացուցիչ երաշխիքների եւ ռուսական ռազմակայանների վերաբերյալ պայմանագիրը հենց այդ խնդիրն է լուծում»,- ընդգծեց նա:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարաձգման մասին պայմանագիրը որակել էր որպես Մոսկվայի միակողմանի աջակցություն Երեւանին եւ կասկածի տակ դրել Ռուսաստանի օբյեկտիվությունը: