Օգոստոսի 27-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ծարավ Աղբյուրի փողոցում ավազակային հարձակում է կատարվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 12.30-ին «սաֆարի» գույնի, առանց պետհամարանիշի «ՎԱԶ-2103» մակնիշի մի ավտոմեքենա, վթարային իրավիճակ ստեղծելով, կանգնեցրել է «Ադամիում» ՍՊԸ գլխավոր հաշվապահ, 35-ամյա Արսեն Ա.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:
«ՎԱԶ-2103»-ից իջած երկու երիտասարդներից մեկը ատրճանակը պահելով Արսեն Ա.-ի ուղղությամբ` հարվածել է դեմքին, ստիպողաբար նստեցրել «Մերսեդես»-ի վարորդի կողքի նստելատեղին, կապկպել, մեքենան վարել հարակից տարածքում գտնվող հողամասերը, ապա պարանոցից պոկելով 2 ոսկյա շղթաները` վերցրել են բջջային հեռախոսը, ոսկյա մատանին եւ ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է 16.000.000 դրամ, ու հեռացել:
Դեպքի վայրից մոտ 50 մ հեռավորության վրա հայտնաբերվել է «ՎԱԶ-2103» ավտոմեքենան` հրդեհված վիճակում:
Արսեն Ա.ից ընդունվել է հաղորդում: Քննությունը վարում է Երեւան քաղաքի քննչական վարչությունը:




























