Ֆրանսիան համարում է, որ Թեհրանը խախտել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի որոշումը՝ նոր բալիստիկ հրթիռի փորձարկում կատարելով։  Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է Ֆրանսիայի Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը։  

«ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2010 թվականի թիվ 1929 որոշումն Իրանին արգելում է գործունեություն իրականացնել բալիստիկ հրթիռների ծրագրով, նշել է Նադալը։   Հոկտեմբերի 11-ին հրթիռի արձակումը տվյալ որոշման բացահայտ խախտում է եւ միջազգային հանրության համար մտահոգիչ ուղերձ է հանդիսանում», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ 

Նադալը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի որոշումն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչեւ որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը դրական գնահատական տա իրանական միջուկային ծրագրին եւ «վեցնյակի» հետ համաձայնագրի շրջանակում Թեհրանի ստանձնած պարտավորություններին։ Ինչպես ակնկալվում է ՄԱԳԱՏԵ-ն  «2016-ի սկզբին» համապատասխան զեկույց կտարածի։  

Անցյալ շաբաթվա վերջին Թեհրանը հաղորդել է նոր բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին, որը կոդային  «Իմադ» («Սյուն») անվանումն է ստացել։  Ինչպես հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը,  այն իրենից ներկայացնում է «բալիստիկ հրթիռների  նոր սերունդը, որոնք ամբողջությամբ Իրանում են մշակվել»։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 20-ին միաձայն  հավանություն է տվել Իրանի միջուկային ծրագրին։   Փաստաթղթի համաձայն, 10 տարի անց Իրանի վրայից կհանվեն բոլոր միջազգային պատժամիջոցները՝ այն պայմանով, որ  երկրի իշխանությունները կատարեն Վիեննայում  «վեցնյակի» հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Բացի այդ, համաձայնագիրը նախատեսում է, որ ՄԱԳԱՏԵ-ի զեկույցից անմիջապես հետո, որը կհաստատի , որ Թեհրանը կատարում է համաձայնագրի պայմանները, երկրի հանդեպ պատժամիջոցները կթուլացվեն։