Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բարձր է գնահատել ՌԴ-ի եւ Իրանի աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, տեղեկացնում է սիրիայի պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը։
«Բարեկամ երկրների, հատկապես Ռուսաստանի եւ Իրանի գործադրած ջանքերը ահաբեկչության դեմ Սիրիայի պայքարին աջակցելու ուղղությամբ պիտի իրենց պտուղները բերեն տարածաշրջանի ամբողջ բնակչությանը եւ աշխարհին ընդհանուր առմամբ»,- նշել է նա։
Հաղորդվել է, որ հինգշաբթի օրը Ասադը հանդիպում է ունեցել Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդիի հետ, որի ընթացքում քննարկել են Սիրիայում առկա իրավիճակը եւ դրական տեղաշարժեր են արձանագրել ահաբեկչության դեմ պայքարում, հատկապես՝ ավելի վաղ Ռուսաստանի հետ համատեղ ստեղծված տեղեկատվական կենտրոնի աշխատանքում։
Ռուսաստանը, Իրանը, Իրաքը եւ Սիրիան Բաղդադում տեղեկատվական կենտրոն էին ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարը կոորդինացնելու համար։





























