Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին ստորագրել է Ատոմային համաձայնագրի շուրջ գործողություների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման կարգը կարգավորող օրինագիծը եւ այն փոխանցել երկրի նախագահ Հասան Ռոուհանիին:

Ավելի վաղ Իրանի խորհրդարանն ու Սահմանադրության պահապանների խորհուրդը հավանության էին արժանացրել այդ օրինագիծը: Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից գործարքը հավանության արժանացնելը փաստացի նշանակում է, որ օրենքը պաշտոնապես ուժի մեջ է մտնում:

ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Mehr գործակալությանը, գրում է, որ օրինագիծը Ռոուհանիին է փոխանցվել՝ իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» պատմական համաձայնություն ձեռք բերեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ: