Բելառուսի նախագահը «շշպռել է» կառավարությանը այն բանի համար, որ նա բավարար հարգանք չի ցուցաբերել իր հայ ընկերոջ` օլիգարխ ու քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, գրում է «Բելառուսկի պարտզանը»:
Պարբերականի ներկայացմամբ, Ալեքսանդր Լուկաշենկոն մտքերով դեռ Երեւանում է, որտեղ Բելառուսի առաջնորդի ներկայությամբ, իր կրտսեր որդին եւ Գագիկ Ծառուկյանը փակեցին 400 լիտր տարողությամբ «Արարատ» կոնյակի տակառը, որը պետք է բացվի Կոլյա Լուկաշենկոյի հարսանիքին: Իհարկե, հետո պարզվեց, որ այդ կոնյակի տակառը նվիրել է ոչ թե Գագիկ Ծառուկյանը, այլ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի դիմաց Լուկաշենկոն շատ կարեւոր փաստաթղթեր է ստորագրել, որոնք կարող են կա'մ միլիոնավոր եկամուտներ բերել Ռելառուսին, կա'մ կորստի մատնել երկիրը:
Այդուհանդերձ, հենց Ծառուկյանի վերաբերյալ է Լուկաշենկոն արտահայտվում որպես մեծագույն հարգանքի արժանի մարդ:
Այնուհետեւ պարբերականը հիշեցնում է, որ Ծառուկյանը ոչ միայն կոնյակի տակառ է նվիրել Լոկաշենկոյին, այլեւ միասին շրջել են վերջերս բացված հայ-բելառուսական առեւտրային կենտրոնով: «Այդ էքսկուրսիայի ժամանակ մեկ պարբերաբար թփթփացնում էր իր հայ ընկերոջ ուսին, մեկ ժպտում էր, մեկ մռայլվում: Եւ խոսում էին, խոսում ու խոսում: Երեւում է շատ կարեւոր թեմաներ են շոշափել, որովհետեւ Մինսկ վերադառնալուն պես, Ալեքսանդր Լուկաշենկոն, չնայած զբաղված լինելուն, ժամանակ է գտել ու կարդացել է Ծառուկյանի եւ Բելառուսի պաշտոնյաների միջեւ ողջ գրագրությունը, գնահատել է դրանք, համադրել է ամսաթվերը եւ... հիշել քրեական հոդվածների մասին»,- գրել է «Բելառուսկի պարտիզանը»:
«Ի դեպ, մեր հայ գործընկերները նշում են, որ չի կարելի բացառել, որ Լուկաշենկոն Ծառուկյանի նկատմամբ նման ջերմ զգացմունքներ է տածում ոչ թե կոնյակի տակառի, կամ 20-25 մլն դոլար գնահատվող հայ-բելառուսական առեւտրի կենտրոն կառուցելու համար, այլ հեռատես քաղաքական նպատակներից ելնելով: Բանն այն է, որ Ծառուկյանը Հայաստանում բացի օլիգարխ ու Օլիմպիական կոմիտեի նախագահ լինելուց, նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահն է: Տեղի վերլուծաբանները հնարավոր են համարում, որ հաջորդ նախագահական ընտրություններում նա կարող է այլընտարնք լինել Սերժ Սարգսյանին: Իսկ նման մարդիկ, Բելառուսի նախագահին շատ են պետք»,- նշում է պարբերականը:



























