Մեկնարկեց ամենսպասված ֆուտբոլային առաջնություններից մեկը: Այս տարի եւս Իսպանիայի առաջնության գլխավոր դիմակայությունը կլինի «Ռեալի» եւ «Բարսելոնայի» միջեւ: Չկա որեւէ այլ ակումբ, որը իր կազմով գոնե ինչ-որ չափով համեմատելի լինի երկու առաջատարների հետ: Մեկնարկային հանդիպումները «Բարսելոնան» ու «Ռեալը» կանցկացնեն օգոստոսի 29-ին: Կատալոնացիները հյուր կգնան Սանտանդերի «Ռասինգին», իսկ արքայական ակումբը` Մալյորկային:
Տուրի առաջին օրը մրցանակային տեղերի հավակնորղ թիմերից պայքարի մեջ մտան «Սեւլիան» ու «Վալենսիան»: Երկուսն էլ խոշոր հաշվով հաղթանակ տարան: «Սեւլիան» 4:1 հաշվով առավելության հասավ «Լեւանտեի» նկատմամբ: «Վալենսիան» 3:1 հաշվով հաղթեց «Մալագային»: Դավիդ Վիլյայի հեռանալուց հետո «Վալենսիայի» գլխավոր ռմբարկուի դերին հավակնում է Խոակին Սանչեսը: Հենց առաջին խաղում նա դարձավ դուբլի հեղինակ: Պրիմերայի նորեկ «Էրկուլեսը» նվազագույն հաշվով պարտվեց «Աթլետիկին»: Բասկերի կազմում աչքի ընկավ աշխարհի չեմպիոն Ֆերնանդո Լիորենտեն: Իսկ «Էրկուլեսին» արդեն հաջորդ տուրում կմիանա աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ֆրանսիացի Դավիդ Տրեզեգեն, որը «Յուվենթուսի» նոր գլխավոր մարզիչ Լուիջի Դել Ներիին պետք չեկավ:




























