Google ընկերությունը արտոնագիր է ստացել պրոցեսորով, հիշողությամբ եւ տվիչներով աշխատող կոնտակտային ոսպնյակների համար, տեղեկացնում  է Quartz-ը։ Արտոնագրում նշված է, որ այս սարքը կլիցքավորվի արեւային էներգիայով։ 

Արտոնագիրը կոչվում է «Օպտիկական ազդանշանների միջոցով սնուցման եւ կապի հնարավորությամբ կոնտակտային ոսպնյակների համար»  եւ տրվել է 2012-ի հուլիսին։ Այդ սարքը էներգիա կստանա շրջակա միջավայրից․  ոսպնյակների լուսային մարտկոցները կարող են սնուցվել ոչ միայն  արեւի լույսով, այլեւ՝ էլեկտրական լամպերի եւ ֆոտոխցիկի առկայծումների, տեղեկացնում  է Gazeta-ն։ 

Նախագիծը ներկայացվել է 2014-ի հունվարին եւ նախատեսված էր դիաբետով հիվանդների համար՝ նրանց արյան մեջ շաքարի քանակի մասին տեղեկացնելու համար։ Այժմ սարքի հնարավորությունները մեծացել են։ Ոսպնյակը կկարողանա արտաքին սարքերին տեղեկություններ ուղարկել մարմնի ջերմաստիճանի, արյան մեջ ալկոհոլի մակարդակի, օդի մեջ ալերգենների եւ այլ վտանգավոր նյութերի մասին։ Այն կկարողանա նաեւ գնացուցակների գրությունները կարդալ։