Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը տեղեկացրել է երկուշաբթի՝ հոկտեմբերի 19-ին Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման հնարավորության մասին:

IRNA-ի փոխանցմամբ, ավելի վաղ այդ մասին հայտարարել էր նաեւ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին՝ նշելով, որ վավերացումից հետո Եվրամիությունը պաշտոնապես կհայտարարի Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները չեղարկելու մասին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Իրանի եւ «վեցյակի» հանձնաժողովի համատեղ նիստն անցկացվելու է հոկտեմբերի 19-ին, Վիեննայում: Փորձագետները քննարկելու են համաձայնագրի իրականացման ընթացքը:

Առաջին նիստի խնդիրը «ընդունման օրը» (adoption day) հստակեցնելն է: Դրանից հետո՝ մինչեւ «իրականացման օրը» (implementation day), որը դեռեւս հստակեցված չէ, սակայն, փորձագետների կարծիքով, կլինի 2016 թվականի գարնան սկզբին, Իրանում պետք է իրականացվի համաձայնագրով նախատեսված միջուկային ծրրագրի վավերացման գործողությունների հիմնական մասը: