Իսրայելում իսկական սկանդալ է հասունացել։ 12 տարի երկրում անօրինականորեն բնակվող Հայաստանի քաղաքացին վարձվել է Բենիամին Նեթանյահուին պահպանելու համար, ով այն ժամանակ գլխավորում էր ընդդիմությունը։

Ինչպես գրում է «Եդիոտ Ախրոնոտ» թերթը, Հրաչյա Գրիգորյանը, ով այժմ 34 տարեկան է, Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորական դառնալու նպատակով Իսրայել է մեկնել 16 տարեկանում։ Այնուհետեւ նա երկու անգամ վերադարձել է հայրենիք՝ վերջնականապես Իսրայելում հաստատվելով 12 տարի առաջ։ Գրիգորյանը տեղափոխվել է Բաթ-Յամա, կեղծել փաստաթղթերը եւ դրանց հիման վար զենք կրելու իրավունք ստացել։ Տիրապետելով կարատեի սեւ գոտու՝ նա անվտանգության աշխատակից է եղել գիշերային ակումբներում, այնուհետեւ՝ անհատ կապալառուների մոտ։

Շուտով նրան վարձել են ՇԱԲԱԿ ընդհանուր անվտանգության ծառայության աշխատակիցների շարքերը համալրելու համար, ովքեր պահպանում էին Բենիամին Նեթանյահուին, ով այն ժամանակ գլխավորում էր ընդդիմությունը։ Այդ աշխատանքի համար նրան վարձել են շուրջ 20 անգամ, եւ կան շատ լուսանկարներ, որտեղ հայազգի երիտասարդը ապագա վարչապետի կողքին է։ Գրիգորյանը խոստովանել է, որ իրեն մեկ անգամ չէ, որ վարձել են` ապահովելու Թել-Ավիվի քաղաքապետ Ռոն Խուլայիի եւ անգամ Իսրայել ժամանած ԱՄՆ նախագահի թեկնածու Ալբերտ Գորի անվտանգությունը։

Ինչպես հայտնում է IzRus պորտալը, ագրեսիվ վարքագծի համար նա Բաթ-Յամում ձերբակալվել է օգոստոսի 8-ին։ Ոստիկանությունը պարզել է, որ Գրիգորյանն օգտվում է կեղծ փաստաթղթերից։

Հայ երիտասարդի հետագա ճակատագրի մասին իսրայելական լրատվամիջոցները ոչինչ չեն հայտնում։