Apple ամերիկյան ընկերությունը Մադիսոնում Վիսքոնսինի համալսարանին 234 մլն դոլար կվճարի ԱՄՆ գիտահետազոտական այդ հաստատության աշխատակիցների մշակած տեխնոլոգիայի արտոնագրային իրավունքի խախտման համար։ Նման վճիռ է կայացրել Մադիսոնի դաշնային դատարանը։

Մադիսոնում Վիսքոնսինի համալսարանը դատական հայց էր ներկայացրել Apple-ի դեմ՝ ընկերությանը մեղադրելով 1998թ. համալսարանի գրանցած արտոնագիրը խախտելու  համար։ Ըստ մեղադրող կողմի՝ Apple-ն, առանց համապատասխան թույլտվության, օգտագործել է համալսարանի մշակած միկրոչիպերի ստեղծման տեխնոլոգիան։ Ըստ հայցվոր կողմի՝ խոսքը iPhone 5s, 6, 6 Plus սմարթֆոնների եւ որոշ iPad պլանշետների պրոցեսորներում օգտագործած տեխնոլոգիայի մասին է։

Երդվյալների դատարանը որոշում է կայացրել հօգուտ համալսարանի եւ Apple-ին հարկադրել վճարել 234 մլն դոլար տուգանքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։