ՆԱՍԱ-ն ցուցադրել է Պլուտոնի կենտրոնական հատվածի մի լուսանկար, որոնք արվել էր New Horizons կայանից՝ թզուկ մոլորակին նրա մոտենալուց կարճ ժամանակ առաջ:
LORRI (Long Range Reconnaissance Imager) գիտական գործիքով արված լուսանկարում լուսավորված են պատկերի հյուսիսային եւ ձախ հատվածները: Լուսանկարված մակերեւույթի տրամագիծը հասնում է 210 կիլոմետրի: Դրանում կարելի է մինչեւ 250 մետրանոց խորություններ նկատել, տեղեկացնում է Lenta-ն:
Լուսանկարի վրա առանձնանում է մի հարթավայր, ինչպես նաեւ փոքրիկ իջվածքների անսովոր կուտակումներ (ներքին ձախ անկյունից մինչեւ վերին աջ անկյունը): Գիտնականները ենթադրում են, թե այդ հատվածը կազմված է կարծր ազոտից եւ փոսերն ու իջվածքները, որոնց տրամաչափը հասնում է հարյուրավոր, իսկ խորությունը՝ տասնյակ մետրերի, ձեւավորվել են կարծր ազոտի սուբլիմացիայի հետեւանքով:
ՆԱՍԱ-ի ստացած տվյալները թզուկ մոլորակի վրա երկրաբանական գործընթացների ակտիվության մասին են վկայում: Եթե այդպես չլիներ, մակերեւույթին նկատելի կլինեին բազմաթիվ խառնարանների հետքերը, ինչպես այլ երկնային մարմինների դեպքում է, օրինակ՝ լուսնի:






























