ԱՄՆ-ում կրակահերթերի ալիքը չի դադարում:

Արիզոնա նահանգում տղամարդը գնդակահարել է 5 մարդու, այնուհետեւ ինքնասպան եղել: 26-ամյա Բրայան Դիասը ներխուժել է իր նախկին ընկերուհու տուն, ով երկու երեխաների մայր է: Դիասը գնդակահարել է կնոջը եւ եւս 4 մարդու,

վերցրել իր երեխաներին եւ անհետացել: Հետագայում, սակայն հայտնաբերվել է նաեւ հանցագործի դիակը: Ոստիկանությունը ենթադրում է, որ նա ինքնասպան է եղել: Ներկայումս, երեխաները (մեկը 4 տարեկան, մյուսը` 1 տարեկան) գտնվում են հարազատների մոտ:

Բացի այդ, հանգստյան օրերին եւս մեկ դեպք է գրանցվել. Ալյասկա նահանգի Հունա քաղաքի բնակիչը մահացու վիրավորել է երկու ոստիկանների եւ բարիկադավորվել բնակելի տանը: Տեղի իշխանությունների խոսքով, ողբերգության պատճառներն անհայտ են: Հայտնի չէ նաեւ, թե, արդյոք, այդ տանը որեւէ մեկը կա՞:

Հայտնի է միայն, որ կիրակի օրը` օգոստոսի 29-ին տեղի բնակիչ Ջոն Մարվին-կրտսերը կրակ է բացել իր պարտականությունները կատարող ոստիկան Թոնի Ուոլեսի ուղղությամբ: Կրակոցի ձայնից մոտեցել է ոստիկանի գործընկերը, ով նույնպես գնդակահարվել է: