Ներկայումս Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ Իրանի համար յուրօրինակ պայքար է ընթանում, եւ Իրանն այդ առումով մանեւրելու մեծ հնարավորություններ ունի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է իրանագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Կարինե Գեւորգյանը՝ անդրադառնալով Եվրամիության կողմից Իրանի դեմ գործող պատժամիջոցները չեղարկելու հնարավորությանը։

Նա հիշեցրել է, որ իրանցիները շատ լուրջ կազմակերպությունների բաժնետերեր են։ Նրանց է պատկանում նաեւ Ֆրանսիական ատոմային ընկերության բաժնեմասերի 10 տոկոսը։ «Դա ոչ միայն հաշիվների վերաբացում է, նավթի վաճառքի քվոտան բարձրացնելու թույլտվություն եւ այլն, այլ նաեւ մի շարք ուրիշ հարցեր։ Ես կարծում եմ, որ գործընթացը առաջ կգնա։ Հակառակ դեպքում Ժնեւի համաձայնագրերը կնքելու կարիք չկար։ Եթե արեւտմյան երկրները չկատարեն այդ պարտավորությունները, այդ դեպքում նրանք ստիպված են պատճառ հորինել, թե ինչու են մերժում Իրանին»,- նշել է Կարինե Գեւորգյանը։ Իրանագետը ենթադրում է, որ Արեւմուտքը կարող է իրանցիներին հիշեցնել Սիրիային ցուցաբերած օգնության մասին։ «Սակայն այստեղ իրանցիները նույնպես կարող են խաղալ։ Նրանք կարող են դիմել Միջազգային տնտեսական դատարան, եւ իրոք հաղթանակը նրանցը կլինի, քանի որ նրանք Սիրիայի տարածքում են Սիրիայի կառավարության հրավերով։ Չեմ կարծում, որ ԱՄՆ-ը հիմա սկսի այդ խաղը խաղալ Իրանի դեմ»,- հավելեց Կարինե Գեւորգյանը։

Նրա կարծիքով էական դեր են խաղում այդ հարցում քաղաքական եւ ռազմական բաղադրիչները։ «Իրանը այդ առումով ավելի մեծ հնարավորություններ եւ ռեսուրսներ ունի, քան ասենք Սաուդյան Արաբիան։ Այդ իմաստով նրանք շահել են։ Եվ միանշանակ ակնհայտ է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ այդ համաձայնագրերը ստորագրել է հենց այն պատճառով, որ շատ մեծ հույսեր ունի վերականգնել իր ներկայությունը Իրանում։ Սակայն դրանք դեռ շատ մշուշոտ հաշվարկներ են։ Իրանը դեռ համաձայնագրեր է կնքում ռուսական ընկերությունների հետ»,-եզարփակեց Կարինե Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ հնարավոր է՝ հոկտեմբերի 19-ին Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն իրականանա։

Ավելի վաղ այդ մասին հայտարարել էր նաեւ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին՝ նշելով, որ վավերացումից հետո Եվրամիությունը պաշտոնապես կհայտարարի Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները չեղարկելու մասին: