ԱՄՆ-ում մեկնարկել է Dollar ReDe$ign Project անվանումը կրող դիզայներական մրցույթը, որի մասնակիցներն առաջարկում են ամերիկյան արժույթի արտաքին տեսքի նոր տարբերակներ: Մրցույթի նախնական տվյալներով, որը պետք է շարունակվի մինչեւ սեպտեմբերի 30-ը, ամենաշատ ձայներ է հավաքել բրիտանա-ամերիկյան Dowling Duncan դիզայն ստուդիայի նախագիծը, որտեղ հեղինակները որոշել են, որ ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնը շատ երկար է «լռվել» մեկ դոլարանոցի վրա: Նախագծի հեղինակները նախատեսում են նրա փոխարեն մեկ դոլարանոցի վրա պատկերել Բարաք Օբամայի նկարը, այն պարզ պատճառով, որ նա առաջին աֆրո-ամերիկացի նախագահն է ԱՄՆ պատմության մեջ, գրում է www.gcoins.net/ru/blog պորտալը:

Դիզայն ստուդիան մյուս թղթադրամների համար առաջարկել է հետեւյալ մեկնաբանությունները. 5 դոլարանոցը խորհրդանշում է Ամերիկայի 5 խոշոր հնդկացիական ցեղերը` չերոկի, նավահո, սիու, չիպեվա եւ չոկտո: 10 դոլարանոցը խորհրդանշում է ԱՄՆ սահմանադրության մեջ կատարված 10 փոփոխությունները: 20 դոլարանոցը խորհրդանշում է 20-դ դարում ԱՄՆ ձեռքբերումները, իսկ 50 դոլարանոցը կապվում է ԱՄՆ 50 նահանգների հետ:  100 դոլարանոցի վրա առաջարկում են տեղադրել Ֆրանկլին Դելանոր Ռուզվելտի դիմանկարը, որի կառավարման առաջին 100 օրը նշանավորվել է բազմաթիվ դրական բարեփոխումներով: