Եվրոպական խորհուրդը իրավական ակտեր է ընդունել, որոնք անհրաժեշտ են Իրանի նկատմամբ բոլոր տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները հանելու համար:
«Այսօր (հոկտեմբերի 18-ին) Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համապարփակ համատեղ պլանի ընդունման օրն է: Եվրոպական խորհուրդը հաստատել է օրենսդրական բազան՝ Իրանի նկատմամբ բոլոր տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները հանելու համար, որոնք վերաբերում են Իրանի միջուկային ծրագրին»,-ասված է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկ Մոգերինիի եւ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի համատեղ հայտարարությունում, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Նշվում է, որ սահմանափակումները կհանվեն այն բանից հետո, երբ Ատոմային ներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հաստատի Թեհրանի կողմից իր միջուկային պարտավորությունները կատարելու փաստը:
Ավելի վաղ հոկտեմբերի 8-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանձնարարել էր Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները հանելու գործընթաց սկսել:
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Վիեննայում տեղի կունենա Իրանի եւ «վեցնյակի» համատեղ հանձնաժողովի նիստը՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համապարփակ համատեղ պլանի կատարման հարցով:
Սպասվում է, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրելուց հետո Եվրամիությունը պաշտոնապես կհայտարարի տնտեսական պատժամիջոցները հանելու մասին:




























