Օգոստոսի 31-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերած համաձայնությամբ, ԵԱՀԿ առաքելությունը ծրագրային դիտարկում է անցկացնելու Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի ուղղությամբ:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտորդական առաքելությունը գլխավորելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Դիտարկման խմբում են նրա դաշտային օգնականներ Անթալ Հերդիչն (Հունգարիա) ու Խրիստո Խրիստովը (Բուլղարիա): Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հակառակորդի դիրքերից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Ժասլան Նուրտազինը (Ղազախստան):
Դիտարկման առաքելությունը ղարաբաղյան կողմից ուղեկցելու են արտգործնախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:



























