Վիեննական «Կոբուրգ» հյուրանոցում, որտեղ երեք ամիս առաջ Իրանն ու «վեցնյակը» (ՄԱԿ ԱԽ-ի հինգ մշտական անդամ եւ Գերմանիան) համաձայնության էին եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ, այսօր սկսվել է համատեղ հանձնաժողովի առաջին նիստը՝ այն աշխատանքային մեխանիզմի, որը նախատեսված է համաձայնագրով։ Ինչպես ակնկալվում է, բանակցողները կքննարկեն միջուկային ոլորտում Իրանի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԵ) ներկայացրած պահանջների կատարումը, ինչպես նաեւ կզբաղվեն այն տեխնիկական հարցերի քննարկմամբ, որոնք վերաբերում են համաձայնագրի իրականացման փուլին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հանդիպմանը ռուսական պատվիրակությունը ղեկավարում է Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Վորոնկովը։ Իրանական պատվիրակությունը ներկայացնում է արտգործնախարարի տեղակալ Աբբաս Արագչին։ Նիստից առաջ նա լրագրողներին տեղեկացրել է, որ մեկօրյա բանակցությունները վերաբերում են Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրի ձեւական ընդունմանը։ «Սա քաղտնօրենների մակարդակում առաջին հանդիպումն է,- ասել է նախարարի տեղակալը։ Այսօր մեր հանդիպման նպատակն է՝ պաշտոնապես նշանավորել Համատեղ հանձնաժողովի աշխատանքի սկիզբը»։ «Մենք կքննարկենք վերջին իրադարձությունները (միջուկային ծրագրի շուրջ համաձայնության շրջանակում) եւ այն, թե ինչպես ճիշտ որոշումներ նախապատրաստենք ապագայի համար, հավելել է Արագչին։
ԱՄՆ-ի դիվանագետների եւ փորձագետների թիմը ղեկավարում է Թոմ Շեննոնը, որը նշանակված է պետքարտուղարի տեղակալի պաշտոնում այն բանից հետո, երբ վերջերս Ուենդի Շերմանը հեռացել էր այդ պաշտոնից։ ԵՄ-ի պատվիրակությունն ավանդաբար ներկայացնում է արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալ Ուենդի Շերմանը։




























