Մասաչուսեցի տեխնոլոգիական ինստիտուտի ծրագրավորողները արհեստական ինտելեկտի համակարգ են ստեղծել գիտական տվյալների վերլուծության համար: Այդ համակարգը գերազանցում է մարդուն ինտուիցիայի, ինչպես նաեւ տեղեկատվության մեծ զանգվածներ վերլուծելու առավել ճիշտ ուղղություն ընտրելու հարցում: Այս մասին տեղեկացնում է բուհի մամուլի ծառայությունը:
Ինչպես պնդում է արհեստական ինտելեկտի ստեղծողներից Մաքս Կանտերը, այդ սարքը կարող է հեղափոխություն իրականացնել գիտական տվյալների մեծ զանգվածների վերլուծության գործում: Այն ի վիճակի է ընդամենը 8-ից 12 ժամում տեղեկության մշակման ճիշտ ալգորիթմ ընտրել, որի փնտրտուքի վրա գիտնականները սովորաբար մոտ մեկ ամիս են ծախսում:
Նման խնդիրների օրինակ են պարզ կենցաղային հարցադրումները՝ ինչպես հնարավորինս արդյունավետ կերպով քամու կայաններ տեղադրել, ինչպես պարզել, թե ուսանողներն ինչու են արագ հրաժարվում տարբեր առցանց դասընթացներից:
Data Science Machine (DSM) համակարգը ստուգելու համար հոդվածի հեղինակներն այն գրանցել են MIT-ում այս տարի անցկացվող եւ գիտական ինտուիցիային վերաբերող երեք մրցույթներում: Դրանց, համակարգիչներից բացի, գիտնականների մոտ 900 խումբ է մասնակցում. վերջիններս մասնագիտանում են գիտական տվյալների վերլուծության եւ բարդ հարցերին ինտուիտիվ պատասխաններ փնտրելու գործում:
Մրցույթի արդյունքում DSM-ը հայտնվել է առաջին երեք կարգում՝ ավելի լավ հանդես գալով, քան գիտնականների 615 խումբ: Ընդ որում Data Science Machine-ը ընդամենը մեկ օրում է լուծել տրված խնդիրները, ոչ թե մեկ ամսում, որը մարդկանց անհրաժեշտ ժամանակահատվածն է՝ խնդիրներ լուծելու, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:





























