Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, օգոստոսի 29-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Արցախի այլ պաշտոնատար անձանց եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի թիվ 11 նորակառույց դպրոց եւ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն: Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը, նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ, ծանոթացել է կրթության եւ գեղարվեստական դաստիարակության համար հիշյալ հաստատություններում ստեղծված պայմաններին:
Ստեփանակերտի թիվ 11 դպրոցում բարձրաստիճան հյուրերին ներկայացրել են, որ 560 աշակերտի համար կառուցված այդ ուսումնական հաստատությունն ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով` գրադարան, մարզադահլիճ, սպորտհրապարակ, ռազմագիտության, աշխատանքի եւ համակարգչային դասասենյակներ, բուժկետ եւ այլն: Դպրոցի տարածքը բարեկարգվել է, ստեղծվել է կանաչ գոտի, իրականացվել են արտաքին լուսավորության աշխատանքներ:
Թիվ 11 դպրոցում Սերժ Սարգսյանը պատասխանել է նաեւ ուսուցիչներից մեկի հարցին, որը վերաբերել է ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կազմակերպություններում շահարկելու, այդպիսով` կարգավորման ներկայիս ձեւաչափը խեղաթյուրելու Ադրբեջանի քաղաքական ուղեգծին:
ՀՀ նախագահը շրջել է նաեւ հարմարավետ պայմաններում գործող մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, որի երաժշտագեղարվեստական, տեխնիկական ստեղծագործությունների, կիրառական արվեստի եւ կենցաղային էսթետիկայի բաժիններում ըստ նախասիրությունների զբաղվում է 1000 երեխա:
Սերժ Սարգսյան, այնուհետեւ, այցելել է վերանորոգման ավարտական փուլում գտնվող Ստեփանակերտի կենտրոնական պուրակ, որն իր նորությամբ` «երգող շատրվաններով», առավել բարեկարգ եւ գեղեցիկ տեսքով կներկայանա ստեփանակերտցիներին ու քաղաքի հյուրերին: Պուրակի հանդիսավոր բացումը նախատեսվում է ԼՂՀ Անկախության օրվա նախօրեին:



























