Իրանն իր միջուկային ծրագրի սահմանափակման ուղղությամբ անհրաժեշտ գործողությունները կիրականացնի մինչեւ տարեվերջ, այդ ժամանակ էլ կսկսվի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի «իրականացման օրը», երբ կհանվի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեծ մասը: Այս մասին Վիեննայում բանակցություններից հետո հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արակչին:

Նա հավելել է, որ Իրանը, հնարավոր է, ցենտրիֆուգների ապամոնտաժումը կսկսի առաջիկա օրերին:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Արակչին նաեւ տեղեկացրել է, որ Իրանը մտադիր է հարստացված ուրանի պաշարները վաճառել՝ բնական ուրանի մատակարարման դիմաց: Այդ առիթով Թեհրանը բանակցություններ է վարում միանգամից մի քանի երկրների հետ:

Ըստ ՏԱՍՍ-ի, Իրանը պետք է կտրուկ նվազեցնի իր հարստացրած ուրանի պաշարները, ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ դնի իր ցենտրիֆուգների հիմնական մասը: