ՆԱՍԱ-ի մասնագետներին հաջողվել է մի հսկայական աստերոիդ հայտնաբերել, որը կթռչի Երկիր մոլորակին շատ մոտ հեռավորության վրա հոկտեմբերի 31-ին: Երկնային մարմինը, որը ստացել է 2015 TB145 անունը, հայտնաբերվել է Հավայան կղզիների վրա գտնվող Pan-STARRS ավտոմատ համակարգի օգնությամբ, հայտնում է Gizmag–ը:

Հետազոտողները նշել են, որ աստերոիդը կանցնի Երկրից 499 հազար կիլոմետր հեռավորության վրա, ինչը հավասար է Երկրից մինչեւ Լուսին հեռավորության 1.3-ին: Ընդ որում երկնային մարմնի արագությունը կազմելու է վայրկյանում 35 կիլոմետր: Համեմատության համար ասենք, որ Չելյաբինսկի մետեորիտը շարժվում էր վայրկյանում 19 կիլոմետր արագությամբ, իսկ դրա չափը չէր գերազանցում 17 մետրը, հայտնում է Lenta-ն:

Մասնագետների հաշվարկներով, 2015 TB145 աստերոիդի տրամագիծը կազմում է 280-620 մետր: ՆԱՍԱ-ում աշխատող գիտնականներին չի հաջողվել այն ավելի շուտ հայտնաբերել անկանխատեսելի հետագծի ու բարձր արագության պատճառով: Այդուհանդերձ, ըստ նրանց կանխատեսումների՝ երկնային մարմինը ոչ մի վտանգ չի ներկայացնում Երկիր մոլորակի համար:

Այսքան խոշոր չափերով հաջորդ աստերոիդը՝ 1999 AN10-ը, Երկրի մոտով կանցնի 2027 թ.: Վերջին անգամ նման երկնային մարմին Երկրին այսքան մոտ հեռավորության վրա 2006 թ. է անցել: