Հայաստանի բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից վերջին մեկ շաբաթվա ընթացքում, կայացվել է 16 վարչական որոշում 1.14 մլն դրամ գումարով եւ հաշվարկվել է 872.5 հազար դրամ բնությանը պատճառված վնաս:
Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կենդանական աշխարհի պահպանության ոլորտում` որսի կանոնների խախտման համար 7 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 210 հազ. դրամ ընդհանուր գումարով 7 վարչական որոշում, առգրավվել է 7 միավոր որսորդական հրացան:
«Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի որստեսչական խումբն արձանագրել է նապաստակի ապօրինի որսի 1 դեպք, որսորդական հրացանը առգրավված է գործը գտնվում է վարչական վարույթում:
Լոռու մարզում կասեցվել է ցանցով լորի ապօրինի որսը, թռչունները բաց են թողնվել, գործը գտնվում է վարչական վարույթում: Այս մարզում հայտնաբերվել է նաեւ անտառխախտման մեկ դեպք, ինչի համար հաշվարկվել է 6 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձորի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար 1 ֆիզիկական անձ տուգանվել է 30 հազ. դրամ գումարով եւ հաշվարկվել է 2 հազ. դրամի վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում` Շիրակի մարզում առանց ծածկոցի մեքենայով սորուն նյութեր տեղափոխելու համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 2 վարչական տուգանքի որոշում ընդհանուր 100.0 հազ.դր գումարով:
Ջրերի պահպանության ոլորտում` Լոռու մարզում 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150 հազ. դրամ գումարի 1 վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտում` Կոտայքի մարզում մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150 հազ. դրամ վարչական որոշում եւ հաշվարկվել է 350 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Ընդերքի պահպանության ոլորտում` ընդերքշահագործողի նկատմամբ կայացվել է 500 հազ.դրամի 4 վարչական որոշում, եւ հողի աղտոտնաման համար հաշվարկվել է 504 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.58 մլն. դրամ:



























