Օգոստոսի 28-ին Արագածոտնի մարզային ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ ժամը 07.30-ի սահմաններում ավտոպատահար է տեղի ունեցել Վանաձոր-Ապարան ավտոճանապարհի 50-րդ կիլոմետրում` Ծաղկահովիտ գյուղի մոտ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ փրկարար ծառայությունից, դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-21110» մակնիշի 13 ՍԼ 937 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու բախվել ճամփեզրի արգելապատնեշին:
Պատահարի հետեւանքով վարորդ, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ, 53-ամյա Գեղամ Խաչատրյանը եւ ուղեւորներ` նույն գյուղի բնակիչ, 19-ամյա Հակոբ Լեւոնյանը, Վանաձորի բնակիչներ, 26-ամյա Արամայիս Միսկարյանը եւ 30-ամյա Արտակ Ամիրյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Ծաղկահովիտ գյուղի հիվանդանոց:
Ա. Միսկարյանը եւ Ա. Ամիրյանը, ստանալով բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Գ. Խաչատրյանը եւ Հ. Լեւոնյանը տեղափոխվել են Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է:



























