Ամերիկայի Հայկական Համագումարը Նյու Յորքում նոր Արեւելյան տարածաշրջանային գրասենյակ է բացել, որը կղեկավարի Բիանկա Կադյան-Դոդովը:
Համագումարի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Դոդովը պատասխանատու կլինի Նյու Յորքում եւ երեք հարակից նահանգներում Համագումարի գործունեության տարածման համար, ինչպես նաեւ կկենտրոնանա տարածաշրջանում զարգացումների եւ անդամակցության վրա: Աշխատելով Վաշինգտոնում տեղակայված Համագումարի կենտրոնական գրասենյակի հետ` Դոդովը նաեւ կնպաստի կառավարության հետ կապերի ընդլայնմանը` հատուկ ուշադրություն դարձնելով կառավարության Նյու Յորքյան պատվիրակության վրա:
Նյու Յորքում ստանձնած իր նոր դերի հետ մեկտեղ Դոդովը, ով Վաշինգտոնում Կոնգրեսի հետ հարաբերությունների Համագումարի պատասխանատուն էր, նաեւ կծառայի որպես Համագումարի ներկայացուցիչ ՄԱԿ-ի Մարդկային խնդիրների կարգավորման հարցերով հանձնաժողովում: 1999 թվականին Ամերիկայի Հայկական Համագումարին որպես ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի հասարակական կազմակերպություն, շնորհվեց Հատուկ Խորհրդակցական կարգավիճակ:
«Ամերիկայի Հայկական Համագումարը առաջատար կազմակերպություն է, որը նպաստում է ոչ միայն Հայոց Ցեղասպանության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը եւ Հայոց Ցեղասպանության վերահաստատմանը, այլ նաեւ ավելի ուժեղ եւ ժողովրդավարական Հայաստանի ստեղծմանը»,,-ասել է Դոդովն ու հավելել. «Ինձ համար մեծ պատիվ է ընդլայնել Համագումարի առաջատար դերը հայ համայնքում, ԱՄՆ կառավարությունում եւ ՄԱԿ-ում»:



























