Perfect Choice Funerals ընկերությունը էկրանով եւ բարձրախոսներով «խելացի» դագաղի հայեցակարգ են ներկայացրել:
«Coffin of the Future»-ը, ընկերության կարծիքով, պետք է համապատասխանի բարձրտեխնոլոգիական ժամանակների բոլոր չափանիշներին: Մարդիկ ոչ միշտ են կարողանում ներկա գտնվել հարազատի կամ մտերիմի հուղարկավորությանը: «Խելացի» դագաղի պարագայում դա հնարավոր է անել վիրտուալ: Դագաղի հայեցակարգը ներառում է հանգուցյալի պատկերով էկրան, ինչպես նաեւ սոցցանցում նրա էջն արտացոլող էկրան, որտեղ կարելի է ցավակցական գրառում թողնել: Բացի այդ, դագաղը բարձրախոսներ ունի, որոնց միջոցով կարող է հնչել հանգուցյալի սիրած երաժշտությունը կամ մահախոսականը:
Ըստ Gazeta-ի, չի հաղորդվում, արդյո՞ք «խելացի» դագաղը թաղելու են հողում: Այդ դեպքում բնապահպանները կարող են դեմ լինել գաղափարին, քանի որ դրա տեխնիկական միջուկը վնասակար նյութեր է պարունակում, որոնք կարող են հողի մեջ անցնել: Ամեն դեպքում, ընկերությունն առայժմ չի նշում, թե երբ կսկսվի «խելացի» դագաղի արտադրությունը կամ արդյո՞ք այն ընդհանրապես կթողարկվի:





























